Ա․Իսահակյանի բանաստեղծություններ

Ես ձեզ ասում եմ

Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով`
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:
Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք – միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք`
Մոռացած
Անմահ, անհունի տենչանք:
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`
Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.
Եվ մուրացքի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…
1903
Բաքու

 

Եվ ճամփեքի մեջ, ամայի դաշտում
Մենակ, անընկեր, ընկած եմ մոլոր.
Չորս կողմից հողմը վերաս է շաչում,
Եվ հոգիս խոժոռ, և միտքս խոժոռ:
Սիրտս գթով լի` մարդկանց մեջ մտա,
Բայց ողջույնի տեղ կռվի կոչ տվին.
Կյանքի գոռ կռիվ` կատաղի, դժնյա,
Ուր որ ամենքը ամենքի ընդդեմ
Դաշույն են սրում` սիրո փոխարեն:
Եվ կյանքի կռվից վիրավոր, հաղթված
Ընկած եմ հիմա այս ափում վայրի.
Շուտով կտեսնեմ աչքերս սառած,
Բայց նրանց խիղճը երբեք չի խայթվի …
1902

 

Երազիս մեջ ծովը տեսա,
Ծովը լազո՛ւր ու անդո՛րր,
Մենակ, մենակ, ափի վրա
Ընկած էի վիրավոր …
Ծովն էր հևում մեղմ ու թալուկ`
Մտորմունքի մեջ անծայր;
Եվ խոստում էր վերքըս խորունկ,
Իսկ ես` անհույս, ես` անչար:
Եվ հոգուս մեջ մի ձայն ծորեց,
Մի ձայն` քնքուշ, սուրբ սրտից. –
Ա˜խ, այն մայրս էր, կանչում էր ինձ
Հայրենիքիս ափերից …
1898
Օդեսա

 

Եղնիկները լուսաբացին
Սուր ժեռերով անցկեցան,
Փրփրած լճին մեղմ նայեցին,
Լռիկ – մնջիկ անցկեցան:
Ա˜խ, իմ սերս` կանանչ – կարմիր,
Դառավ ինձի ցավ ու ցեց.
Ա˜խ, իմ կյանքս` զառ – վառ կարմիր,
Վիշտս կերավ ու մաշեց:
Ես ի՞նչ անեմ, ես ո՞ւր չքվիմ –
Ընկնիմ չոլերն ամայի. –
Երնե˜կ մեռնիմ, ու սիրտս ուտեն
Գել ու գազան ամեհի:
Ա˜խ, եղնիկներ, դադար չունեմ,
Սիրտս` կրակ վառ – վառման,
Մարդիկ կուգան, ինձ կնայեն
Լռիկ – մնջիկ կանց կենան …
1897
Ալեքսանդրապոլ

Երազ տեսա – ձեր տան առաջ
Զուլալ աղբյուր կըբխեր.
Ձենը մեղմիկ, քաղցրակարկաչ,
Չորս դին ծո՛ւփ – ծո՛փ ծաղկունք էր:
Ջուր խմելու դուռըդ եկա,
Պապակ էի ու ծարավ,
Ջինջ աղբյուրը, մեկ էլ տեսա,
Ցամաք կտրավ, քար դառավ:
Քընից զարթնա, – սիրտս էր տրտում.
Ա˜խ, էս շա˜տ վատ երազ է. –
Ծարավն` ես եմ, աղբյուրը` դուն.
Սերդ ինձ համար ցամաքել է:
1894
Լայպցիգ

 

Ես ծերացա … մի՛ զարմանար,
Որ ես թեև դեռահաս,
Թեև դեմքըն իմ վշտահար
Նոր է գգվում աղվամազ:
Մի՛զարմանար … մտքով արդեն
Ես մեր կյանքը ապրեցի.
Ցնորքներում, որպես կյանքում,
Ես կռվեցի, սիրեցի:
Եվ ցնորքում ի˜նչ տագնապով
Ես կյանքն էի ընդգրկում.
Եվ գրկեցի. ի՞նչ – արյան ծով,
Լոկ գոյության մաքառում:
1892
Ալեքսանդրապոլ

 

Ետ դառնար հիմա հասակըս մատաղ,
Լինեի նորից այն խենթ պատանին,
Երգը` շրթունքիս, և սիրտըս ուրախ,
Սանձեի նորից հորըս կապույտ ձին,
Եվ խոլ ձորերով, կատարներով վես,
Սուրող գետերի շառաչյունի հետ
Թռչեի չքնաղ իմ սիրածին տես,
Որպես մի վառված անվեհեր ասպետ:
1942

 

Եվ անապատից, հեոո˜ւ ծովերից
Եվ դարբասներից, թե խուլ բանտերից
Լըսում եմ անվե՛րջ, գիշեր ու ցերեկ
Ողբ ու հեծեծանք մի՛շտ, ամենուրեք.
Տեսնում եմ արցունք ժպըտի հետ հյուսված,
Հացի հետ արյուն – վի՛շտ համատարած…
Եվ ծով – արցունքներն անծայր աշխարհի
Ամեն խորշերից, ամեն սըրտերից
Կաթիլ ու կաթիլ հավաքվում, գալիս,
Թափվում են վըշտոտ, խոցված սրտիս մեջ…
1904
Թիֆլիս

 

Ես որ մեռնիմ ու իմ վերքից
Եթե մի վարդ դուրս ծլեր,
Եվ ընկերըս հեռու տեղից
Գար` շիրիմըս այցելեր.
Եթե նրա խոր աչերից
Մի ցող վարդիս մեջ ծորեր,-
Այն սուրբ ցողը սիրտս կերթար,
Վերքըս խորունկ` կըբուժեր:
1898
Օդեսա

Ես որ մեռնիմ` ինձ կթաղեք
Ալագյազի լանջերում,
Որ Մանթաշից հովերը գան,
Վրաս հևան ու երթան,
Գերեզմանիս չորս դին փռվին
Ցորեն արտերն ու ցոլան,
Եվ ուռիներն` մազերն արձակ,
Վրաս ընկնին, անուշ լան…
1898
Օդեսա

Բանաստեղծություն ըստ Իսահակյանի

Ես որ մեռնիմ

 

Ես որ մեռնիմ` ինձ կթաղեք

Ալագյազի լանջերում,

Որ Մանթաշից հովերը գան,

Վրաս հևան ու երթան,

Գերեզմանիս չորս դին փռվին

Ցորեն արտերն ու ցոլան,

Եվ ուռիներն` մազերն արձակ,

Վրաս ընկնին, անուշ լան…

Ծաղիկ ու շաղիկ

Ծաղիկ ու շաղիկ

Երկիր քուն դրավ,

Եվ թռչուն թռավ։

 

Հուզված առուն փախ տվավ

Սողուն-սողուն,

Ձորում մշուշ կախ տվավ։

Քամին ելավ վեր,

Արավ տարուբեր։

 

Մոխիր ամպեր ժիր եկան

Դալուկ-դալուկ,

Սարի վրա ցիր եկան։

Հալեց աշուն օր:

Կյանքիս սևավոր: