Դիլիջանյան վանքեր

Հաղարծնի վանք

Հաղարծին, 10-րդ դարի հայկական վանքային համալիր ՀՀՏավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։

Պատմություն

Հաղարծին վանքը վերանորոգված վիճակում

Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին: Ծաղկում է ապրել XII դարի վերջին — XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

Սուրբ Գրիգոր եկեղեցի

Ամենավաղը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դար), որն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև (չորս անկյունների ավանդատներից արևելյաններն առանձնացված չեն աղոթասրահից) հատակագծով գմբեթավոր կառույց է։ Գմբեթային փոխանցումն իրականացված է սաղր տրոմպներով։ Դեկորատիվ միակ տարրը խիստ հողմահարված անկյունային որմնախոյակներն են՝ պարզ բեկվածքներով և ականթի տերևների արխաիկ նկարվածքի շարքով։ Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (XII դարի վերջ), որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ ևն, նաև արձանագրություններ)։ Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ։ Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ մատուռ (XIII դար), իսկ դեպի արևելք շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Համալիրի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի է։ Ըստ հարավային մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցվել է 1281-ին, սակայն հարավային և հյուսիսային պատերի ստորին մասի վերաշարվածքը, արևելյան ճակատի բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս կառույցից ևն, ենթադրել են տալիս, որ 1281-ին կառույցը որոշ փոփոխություններով վերականգնվել է՝ հիմնարկված լինելով հավանաբար X-XI դդ․: Ճակատները (բացառությամբ արևմտյանի) ունեն հայկական խորշեր։ Բարձր, բոլորակ թմբուկը պարուրված է դեկորատիվ խորաններով։ Մուտքերը, լուսամուտներն ու որմերը չափավոր զարդարված են պարզ բեկվածքավոր քիվագոտիներով, խաչերով ևն։ Արևմտյան ճակատի դիմաց ավերված շինության (հավանաբար նախորդ կառույցի գավիթը) մնացորդներ են։

Սեղանատուն

Haghartsin-4.jpg
Haghartsin Refectory-2.jpg
Սեղանատունը դրսից և ներսից

Հուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է (ըստ հարավ-արևմտյան մուտքի շրջակալի արձանագրության՝ կառուցվել է 1248-ին, ճարտարապետի անունը՝ Մինաս, ներսում, արևմտյան երդիկի հյուսիս-արևելյան անկյունում է), ՀՀ-ում նմանօրինակ երկու կառույցներից մեկը (մյուսը Հաղպատում է)։ Այն ուղղանկյուն դահլիճ է (21, 6 x 9, 5 մ)՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով։ Ներսում միակ հարդարանքը շթաքարեզարդ երդիկներն են, արտաքուստ՝ հարավ-արևմտյան մուտքի շրջակալը (հարավային ճակատի երկու լուսամուտը հետագայում են բացվել)։ Հաղարծինի սեղանատունն իր կառուցվածքային հնարքով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Դեպի արևելք այլ շինությունների (հավանաբար խոհանոց, հացատուն ևն) մնացորդներ են։

 

Գոշավանք

 

Գոշավանք (նաև Նոր Գետիկ) — հայկական վանք է Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղում։

Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գետիկ գետի վտակի ափին է գտնվում 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։

pg_805176617_goshavanq-3.jpg

Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188 թ.-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է նշանավոր գիտնական, օրենսդիր, դավանաբան, մեկնիչ, առակագիր, մանկավարժ Մխիթար Գոշը (1120-1213)՝ անվանելով Նոր Գետիկ։ Կիրակոս Գանձակեցին «Հայոց պատմություն» աշխատությունում վկայում է, որ վանքի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը (1191-1196 թթ.), կառուցվել է ինչպես Մխիթար Գոշի և միաբանների, այնպես էլ Վախթանգ Մեծի կնոջ՝ Արզուխաթունի ու նրա եղբայրների օգնությամբ։ Այն գմբեթավոր դահլիճ տիպի կառույց է՝ արևելքից երկու կրկնահարկ խորաններով, արևմուտքից և հյուսիսից՝ մուտքերով։ Արևելյան և հարավային պատերը մշակված են «հայկական խորշերով» (եռանկյունաձև կտրվածքի), հաստաբուն թմբուկը երիզված է նախշազարդ գոտիով։ Եկեղեցու՝ ավելի ուշ կառուցված գավթի ճարտարապետը եղել է Մխիթար Հյուսնը։ Գավիթը (1197-1203 թթ.) չորս սյուներով կենտրոնակազմ գավիթների հիմնական տիպին է պատկանում։ Արևելյան երկու անկյուններում ունի երկհարկանի խորաններ։ Գոշավանքի գավիթը ձևով և կառուցվածքային տարրերով, Սանահինից հետո, նշանավորում է իր տիպի զարգացման հաջորդ քայլը՝ նախապատրաստելով Հաղարծնի և Կեչառիսի նույնատիպ կառույցները։

Սուրբ Աստվածածնից հարավ կանգնած է նույնատիպ, բայց ավելի փոքր չափերի Ս.Գրիգոր եկեղեցին (ավարտվել է 1231 թ.-ին), որի գմբեթը չի պահպանվել։ Գավթի հարավային պատին գրեթե կից է Սբ. Գրիգոր Լուսավորիչ թաղածածկ դահլիճ-եկեղեցին (1237-1241 թթ.), որը, չնայած փոքր չափերին, իր դեկորատիվ հարուստ հարդարանքով աչքի է ընկնում ընդհանուր առմամբ զուսպ մշակված համալիրի կառույցների շարքում։ Այստեղ դեկորատիվ որմնասյունակամարաշարը, որ քողարկում է կառույցի պարզագույն ծավալը, ինքնանպատակ զարդապատում չէ, այլ կերպար և ճարտարապետական նոր բովանդակություն ստեղծող արտահայտչամիջոց։ Իր հարդարանքով այս եկեղեցին միջնադարյան Հայաստանի դեկորատիվ արվեստի աչքի ընկնող կոթողներից է։

Գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից է երկհարկանի գրատուն-զանգակատունը։ Չտաշված մեծաչափ քարերով, փայտակերտ «վերնահարկերով» գրատունը և արևմուտքից նրա հետ ընդհանուր դռնով միջանցիկ ժամատունը, ըստ Կիրակոս Գանձակեցու, կառուցվել է Մարտիրոս վանահոր օրոք, մինչև 1241 թ.-ը։ Հետագայում գրատան վրա կառուցվել է երկրորդ հարկը (1291 թ., ճարտարապետներ՝ Գրիգոր և Զաքիոս), որը խորանանման փոքր աղոթարաններով կառույց է։ Մուտքը արևմուտքից է, ուր բարձրանում էին երկու կողմից՝ անկյուն կազմող բարձակային քարե աստիճաններով։ Ժամատունը հավանականորեն եղել է նաև գրչության սրահ, որտեղ ձեռագրեր են ստեղծվել։

Համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում գերեզմաններն ու խաչքարերը, որոնց թվում Պողոս վարպետի երեք «ասեղնագործ» խաչքարերն են (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռի արևմտյան ճակատի մոտ տեղադրված երկու խաչքարերից մեկը 1935 թ.-ին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան)։ Ըստ արձանագրության՝ խաչքարերից մեկը (տեղում կանգնած) ստեղծվել է 1291 թ.-ին։ Հաթերքի Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը դուստրերի հետ գործել է Փրկչի և սրբերի պատկերներով վարագույր ու նվիրել վանքին։ Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ ովքեր այն տեսնում էին, Աստծուն օրհնություն էին տալիս, որ կանանց այդպիսի «ոստայնանկության իմաստություն և նկարակերտության հանճար է տվել…»։ Խորանի անկրկնելի վարագույրը պատրաստված է եղել այծի շատ փափուկ աղվամազից։ Բարեպաշտ Արզուխաթունը ոչ միայն Նոր Գետիկի, այլև Հաղպատի, Մակարավանքի ու Դադիվանքի եկեղեցիների համար էլ է պատրաստել վարագույրներ ու ծածկոցներ, քանի որ ըստ Գանձակեցու՝ «չափազանց սիրում էր եկեղեցիները»։

Գոշավանքին նվիրված ՀՀ փոստային նամականիշ (2005)

Մխիթար Գոշի մահվանից հետո (1213 թ.) վանքը նրա անվամբ կոչվել է Գոշավանք։ Այն պատմական աղբյուրներում անվանվել է՝ վարժարան, վարժապետարան, համալսարան, ճեմարան։ Ուսուցվել են հայոց և օտար լեզուներ (հունարեն, լատիներեն), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն։ Այստեղ են կրթվել և գործել մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը և Կիրակոս Գանձակեցին, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի ավանդները։ Այստեղ պահվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր։ Վանքն ունեցել է այգիներ, ջրաղացներ, գյուղեր, վարելահողեր, անտառներ, ամառանոցներ։

Վանքից ոչ հեռու՝ գյուղի հարավային մասում, կան կառույցներ՝ Սբ. Գևորգ եռախորան գմբեթավոր փոքր եկեղեցին՝ կառուցված 1254-ին Խաչատուր վարդապետի և նրա եղբայր Բարսեղի կողմից, Մխիթար Գոշի բնակարանի մնացորդները, նրա դամբարանը։

1958-ին հայոց մեծագույն վարդապետներից մեկի՝ Մխիթար Գոշի դամբարանի մոտ հուշակոթող է կանգնեցվել, այնուհետև 1972-ին բացվել է Գոշի թանգարանը և բարեկարգվել վանքի տարածքը։

Оставьте комментарий